Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Ուղիղ

Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Ըստ հրապարակված որոշման՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի։

Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը երաշխավորությամբ ազատ էր արձակվել։ Դատավորը նաև նշեց, որ երաշխավորողների՝ Արցախի նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի գումարները՝ 500 000-ական դրամները, կվերադարձվեն։

Հիշեցնենք, որ նախքան որոշման հրապարակումը Քոչարյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ քանի որ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները, և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, ապա ո՛չ նախագահ Քոչարյանը, ո՛չ պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու դատական նիստին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանում անսպասելի ավարտվել էր երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքների քննությունը։ Դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝  առանց պաշտպանների առարկությունները լսելու, ինչպես նաև այն բանից հետո, երբ նրանք պնդեել էին նախ անդրադառնալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ միջնորդությանը։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանի այս որոշումը ապօրինի և կանխակալ էր որակել: Մեղադրող կողմի համար ևս դատարանի այս որոշումը անսպասելի էր։

Դատարանը, սակայն, հասցրել էր լսել Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Երևանի կայազորի նախկին պետ Յուրի խաչատուրովի պաշտպանների առարկությունները բողոքի հետ կապված: Նրանք միջնորդել էին դատավորին դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և գործը ուղարկել մեղադրող կողմին: