Նուբարաշենի թաղապետարանի դիմաց վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Հասարակություն

Այսօր՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Բեդրոսս Գորիչյանը իր վարած Ford մակնիշի 36 AD 370 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշեն վարչական շրջանի 9 և 14 շենքերի խաչմերուկում՝ Նուբարաշենի թաղապետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 73-ամյա Վարդուհի Հակոբյանին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ վարորդին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, քանի որ դեպքի վայր էին ժամանել նաև մահացածի հարազատները, և չէր բացառվում, որ նրանք հաշվեհարդար կտեսնեին վարորդի նկատմամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի էր և եկել էր անձնագրային բաժանմունք՝ անձնագիրը ստանալու, քանի որ 2 օրից մեկնելու էր Ֆրանսիայի Հանրապետություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: