Ի՞նչ է կառուցվելու «Կուկուռուզնիկի» փոխարեն՝ բիզնես կենտրո՞ն, թե՞ հյուրանոց. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

«Հրապարակ» թերթը գրում է. «2005 թ. թվականին ապամոնտաժված ու հետագայում ավազի ու բազալտի հանք դարձած Երիտասարդական պալատի, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, շինարարությունը վերսկսելու նախագիծ կա:

2005 թ. հոկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանի՝ քանդման N40 թույլտվությամբ Երևանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց՝ «Հայսեյսվշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հետագայում տարածքը վաճառվեց մարտունեցի գործարար Էդիկ Ավետիսյանին, ով այստեղ մեծ համալիր կառուցելու «գրանդիոզ» պլաններ ուներ, անգամ միջազգային մրցույթներ անցկացրեց, տարբեր նախագծեր քննարկվեցին, որոնցից մեկը՝ հաղթողը, պետք է իրականացվեր:

Սակայն ինչ-ինչ պատճառներով նա հետագայում նեղացավ իշխանություններից, և շինարարությունը չիրականացվեց, իսկ բացված հորատանցքից սկսեցին ավազ հանել և վաճառել:

Դեռևս հստակ չէ, թե ինչ է կառուցվելու «Կուկուռուզնիկի» փոխարեն, ամենահավանական տարբերակը հյուրանոցն է, նույնիսկ չի բացառվում, որ վերադառնան նախկինում անցկացված մրցույթի արդյունքներին:

«Կոնկրետ քննարկումները պարոն Մեսչյանի գրասենյակում են ծավալվում: Ես, օրինակ, կուզեի, որ այնտեղ էլի երիտասարդական պալատ լիներ, սակայն չգիտեմ, թե որքանով կստացվի: Ինչ էլ որ լինի, կարևոր է, որ այդ վիճակն անպայման վերանա, հնարավոր է, որ հյուրանոց կամ բիզնես-կենտրոն դառնա այդտեղ:

Որքանով ես եմ տեղյակ, դեռ հաստատված նախագիծ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Էդիկ Ավետիսյանին մոտ կանգնած մեր զրուցակիցը հաստատեց, որ սեփականատերը լուրջ քայլեր է ձեռնարկում, որ այդ տարածքում շինարարությունը սկսվի, խոսվում է հյուրանոց կամ համալիր կառուցելու մասին. «Այդ կոմպլեքսը կառուցելու է լուրջ շինարարական կազմակերպություն: Ես լսել եմ, որ այդտեղ կոմպլեքս կառուցելու ցանկություն կա, լսել եմ, որ այդ տարածքի սեփականատերն այդ առումով ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերջնական ձևավորի առաջադրանքը, ձևավորի ցանկությունները: Գիտեք՝ երկար տարիներ այդ տարածքն այս վիճակում կանգնած է, և ինքը հիմա ձեռնարկում է լուրջ միջոցներ, որպեսզի այդ սայլը տեղից շարժվի»:

Հարցրինք, թե ինչու է հիմա որոշել սկսել շինարարությունը, գուցե վտանգ կա, որ կարող են տարածքը ձեռքից վերցնել: «Ես, ճիշտն ասած, այդ մասին չեմ մտածել, այդքան հեշտ է մարդու սեփականությունը ձեռքից վերցնելը: Որ մինչև հիմա չի կառուցվել, ճիշտն ասած, դրանում իր մեղքը չկա, ձգձգվել է ոչ այն պատճառով, որ ինքը չի ցանկացել, ավելի շատ այլ անձինք, այլ կառույցներ ու այլ մարմիններ են խոչընդոտել, չեմ կարծում, որ պատճառն այն է եղել, որ նա աբստրակտ ակտիվություն է ցուցաբերել, ես կարծում եմ, որ ռեալ է կառուցելու իր ցանկությունը: Չի բացառվում, որ անդրադառնան նորից այդ մրցույթի արդյունքներին, և իրականացվի այդ մրցույթի հաղթողի ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news