ՀՀ-ի և ՌԴ-ի միջև՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխման փորձի փոխանակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Ուսումնավարժությունն անցկացվել է երկու փուլով:

Առաջին փուլի ընթացքում  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեկնել են Մոսկվա, իսկ երկրորդ փուլի ժամանակ ռուս գործընկերներն են ժամանել Երևան: Ըստ սցենարի` օդանավակայանից մինչև հասցեատեր թմրանյութի տեղափոխման ամբողջական շղթան բացահայտվել է գործընկեր երկրների միջև միջազգային վերահսկելի մատակարարման շրջանակներում տեղեկատվության փոխանակման շնորհիվ: Միջոցառմանը ներգրավված են եղել նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի ու հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները:

Պարբերական ուսումնավարժությունների միջոցով Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է թմրանյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդները: