Մանվել Գրիգորյանին տղան է խնամում, նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր․ պաշտպան 

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Անընդհատ թթվածնի պակաս է ունենում, արհեստական սնուցում է անհրաժեշտ, կաթիլայինը գրեթե 24-ժամյա ռեժիմով է միացվում» ,- ասաց Արսեն Մկրտչյանը։

Ըստ նրա՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները ծանր ու խնամք պահանջող են, այդ պատճառով լուծվել է նաև խնամակալի հարցը։

«Թեև հիվանդանոցում հոգատար և ուշադիր են, բայց քանի որ Մանվել Գրիգորյանն ունի տեղաշարժվելու խնդիր, տղան է նրան խնամում», - նշեց Գրիգորյանի պաշտպանը։  

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 25-ին, Մանվել Գրիգորյանին անվասայլակով էին բերել դատարան։ Նիստը մի քանի անգամ ընդմիջվեց Գրիգորյանի վատ ինքնազգացողության պատճառով։ Դատարանում էին բժիշկներ, որոնց հսկողության ներքո էլ գտնվում էր նախկին պատգամավորը: Ըստ Արսեն Մկրտչյանի՝ Նաիրի ԲԿ-ի գլխավոր բժիշկը դժգոհություն է հայտնել Մանվել Գրիգորյանի՝ դատական նիստին մասնակցելու համար։