Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս․ Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Զոհրաբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ։ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգթոնում քննարկել են հարցերի բավականին լայն շրջանակ։

Արձագանքելով Մամեդյարովի՝ թուրքական գործակալությանը տված հարցազրույցին, Մնացականյանը նշել է, որ նա հարցազրույցում անդրադառնում է որոշ հարցերի, որոնք վերաբերում էին Վաշինգթոնում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Քննարկել ենք հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը։ Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում պայմաններում, երբ ունենինք լարվածության աճ մինչև հանդիպումը։ Բնականաբար, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ, և, բնականաբար, մենք բավականին տեղ հատկացրինք մեր քննարկումներում այդ իրողությանը։

Քննարկեցինք անհրաժեշտ բոլոր հարցերը, որպեսզի լարվածությունը նվազեցնենք և խուսափենք լրացուցիչ զարգացումներից, որն էլ ավելի կսրի վիճակը։ Մեզ անհրաժեշտ է վերադառնալ իրավիճակին, որը մինչև լարումն էր, դա շատ մեծ նշանակություն ունի»։

ԱԳ նախարարը նաև նշել է, որ ունեն մի քանի նախաձեռնություններ, որոնք առաջ են բերվել համանախագահների կողմից։

«Կարծում եմ՝ կկարողանանք հասնել իրավիճակի, ու մինչև հաջորդ հանդիպումը կկարողանանք գրանցել, որ կարողանում ենք պահպանել միջավայր, որը նպաստում է խաղաղ գործընթացին»,-ասել է ԱԳ նախարարը և ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկը խաղաղությանը նպաստող միջավայրն է։

«Դրա բաղադրիչներից մեկն այն է, որ մենք պետք է շարունակենք աշխատել էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Ունեինք իրավիճակ, որը պահպանվում էր Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա, և սա մնում է գերակա խնդիր մեզ համար։

Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս, որովհետև իրադրությունը և լարվածությունն ի ցույց բերեց, որ մենք կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ։ Այդ առումով, երբ ունենք զոհեր և զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է  այնպիսի գործառույթների կարևորությունն, ինչպիսին է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմը», - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։