Էջմիածնի քաղաքապետն ատելության քարոզ է անում․ Մանվել Գրիգորյանի պաշտպանները նրան դատի կտան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

Դիանա

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը բոյկոտելու հայտարարության վերաբերյալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատական հայց կներկայացնեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
«Իշխանության ներկայացուցչի կողմից Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հայտարարություններն ատելության տիպիկ քարոզչություն են՝ իրավական բոլոր հետևանքներով: Այդտեղ նաև պատվի ու արժանապատվության հետ կապված իրավական խնդիր կա, զրպարտանք: Դատական հայց ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 2-ն է, և մենք այդ ժամկետում կտեղավորվենք: Դրանից հետո այդտեղ նաև հանցակազմ ենք տեսնում և դիմելու ենք իրավապահներին՝ նրանց գնահատականը ստանալու համար»,-ասաց Բաղդասարյանը:

Պաշտպանի կարծիքով՝ ընտրովի գովաբանությունը, ընտրովի գովազդը, ինչ-որ ատելությունները երկրում պետք է բացառել և կապ չունի՝ դա քաղաքացի է, թե Էջմիածնի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը համաքաղաքացիներին կոչ էր արել բոյկոտել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը. «Որևէ դեպքում, անգամ ամռան ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»:

Քաղաքապետը ասել էր, որ որոշել են Մանվել Գրիգորյանի սրճարանի տարածքի վարձակալության համար պահանջել տարեկան մոտ 7 մլն դրամ, գործող 23 հազար դրամի փոխարեն: