Համագործակցության պտուղները տեսանելի կլինեն կարճաժամկետ հատվածում. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

Դիլիջանում ընթացող հայ-վրացական գործարար համաժողովը մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլիի ելույթներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, մեծապես կարևորելով գործարար համաժողովի արդյունավետ անցկացումը՝ ՀՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ բիզնես շրջանակների միջև համագործակցության պտուղները արդեն կարճաժամկետ հատվածում լինելու են տեսանելի և նպաստելու են երկու ժողովուրդների բարեկեցության աճին: Տիգրան Ավինյանը նշել է, որ համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրի, ներդրումային հնարավորությունների հետ և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանն ու արտասահմանյան ներդրումների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ձևավորմանը՝ ՀՀ փոխվարչապետը նշել է, որ լավ հնարավորություններ են առկա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար, համատեղ աշխատելու հնարավորություններ կան զբոսաշրջության ուղղությամբ, մասնավորապես, երկու երկրների տուրիստական գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով։

Ավարտելով ելույթը՝ Տիգրան Ավինյանը հաջողություն և արդյունավետ ու գործնական քննարկումներ է մաղթել գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին։