ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի նախաձեռնությամբ հանդիպել են Հրանտ Բագրատյանն ու Նորայր Փանոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24New

1

Հունիսի 29-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում «Ազատություն» կուսակցության ղեկավար՝ Հրանտ Բագրատյանի եւ իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Նորայր Փանոսյանի հետ:

ՀՅԴ-ից հայտնում են, որ Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,  ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Արցախ-Հայաստան անվտանգության խնդիրներ, դատա-իրավական համակարգի բարեփոխումներ, մեր երկրի համար ներքին ու արտաքին առկա մարտահրավերներ, այդ հարցերի շուրջ համագործակցության հնարավորութուններ:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակելու քաղաքական խորհրդակցությունները:

Նշվում է, որ այս հանդիպումը ՀՅԴ կողմից նախաձեռնած խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցությունների շարքի շրջանակում է՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։