Տեղի ունեցավ «Ապագայ մտածողը» խորագրով ցուցադրություն՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24New

1

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում տեղի ունեցավ «Ապագայ մտածողը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

Ցուցադրության շրջանակում Հայաստանից, Լեհաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից 15 արվեստագետ ստեղծագործել են ազդագրի ժանրում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ արվեստագետները ներշնչվել են Կոմիտասի կերպարով ու ժառանգությամբ, արտահայտելով այն՝ այժմեական ընկալմամբ ու հեռանկարով։

«Ցուցադրությունը որոշել ենք իրականացնել այգում, քանի որ Կոմիտասը շատ մոտ է եղել բնությանը: Նմանատիպ ֆորմատը թույլ կտա նաև հանրությանն ավելի մոտ լինել մշակույթին, մասնավորապես, Վարդապետին»,- ասաց Կոստանդյանը և հավելեց, որ այսպիսի միջոցառումները կլինեն շարունակական:

«Ապագայ մտածողը» ցուցադրությունն ի սկզբանե նախագծված է եղել որպես “exercice de style” (ոճային վարժություն), որով յուրաքանչյուր արվեստագետ իր ազդագիրը ստեղծելու համար ազատորեն կիրառել է բազմազան տեխնիկական միջոցներ՝ իլյուստրացիա, գրաֆիկական դիզայն, ֆոտոմոնտաժ, տիպոգրաֆիկա, կտրտված թուղթ։

Ցուցադրության բացօթյա բնույթն ընդգծում է արվեստի և բնության կապը, որը խորհրդանշական կերպով հիշեցնում է նաև կոմիտասյան ստեղծագործության ակունքները։

Թանգարանի պատերից դուրս՝ բաց երկնքի տակ կառուցված արվեստի այս զբոսուղին փոխում է ընդունված «թանգարանային» սահմանների մասին պատկերացումները և ցուցադրությունը հասանելի ու տեսանելի դարձնում այցելուների առավել մեծ շրջանակի առջև: