Պարզվում են Դավթաշենում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Իրավական

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 8 անձի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 23:08-ին և 23:10-ին, քաղաքացիներից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգեր են ստացվել՝ Դավթաշեն 4-րդ փողոցում կռվի և կրակոցի ձայներ լսվելու վերաբերյալ:

Նույն օրը՝ ժամը 23:55-ին, ահազանգ է ստացվել նաև «Արմենիա» ՀԲԿ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել վեց անձ՝ կտրած-ծակած տարբեր վնասվածքներով:

Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է 2019 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 00:05-ին, «Աստղիկ» ԲԿ-ից այն մասին, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու անձ:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ ձևավորելու և քրեական գործի նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են վնասվածքներ ստացած թվով 8 անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ապակու կոտրված կտորներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, առգրավվել են  դեպքի պահին վնասվածքներ ստացած անձանց հագին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: