Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնականոն շարունակվում է․ ՀՀ գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 1, 24News

29998_artur_davtyan5_M

Հայաստանի հարկադիր ակտերի կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնականոն շարունակվում է։ Այս մասին հուլիսի 1-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Անհանգստացնող որևէ ազդակ չունենք»,- նշեց գլխավոր դատախազը։

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահելիր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ապրիլի 21-ին ՌԴ իրավապահների կողմից նա ձերբակալվել էր: Իրավապահները նրան հայտնաբերել էին ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: Ապրիլի 24-ին Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ՌԴ դատախազության միջնորդությունը Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով: