Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է չճանաչված պետությունների բնակչության կրթական իրավունքից

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

Նաիրա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում ներկայացրել է չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի խնդիրը։ 

«Խոսեցի մի կարևոր խնդրի մասին, որ Եվրոպայի խորհրդում ստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է քննարկի չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը: Կարծես, խորհրդում ունեմ համախոհներ, որոնք  ինձ միանալու են:  Դեռևս 1960 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիան, որը վավերացված է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, հստակ արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը պատճառ չէ այդ տարածքում ապրող բնակիչների կրթական իրավունքը ոտնահարելու համար: Խոսքը վերաբերում է նաև Արցախի բնակչության ուսանողների կրթական իրավունքին, նաև՝ առողջապահական իրավունքին, որն, ըստ էության, մեծապես ոտնահարված է»,- ասել է Զոհրաբյանը և հիշեցրել, որ 2007-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով կոչ էր անում բոլոր եվրոպական ինստիտուտներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդին ակտիվ կապեր հաստատել չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակությունների հետ:

Նաիրա Զոհրաբյանը նաև հույս է հայտնել, որ կկարողանա ստեղծել այդ աշխատանքային խումբը, ինչը հնարավորություն կտա չճանաչված պետությունների, այդ թվում՝ Արցախի ուսանողների մեզ համար անչափ կարևոր կրթական իրավունքը եվրոպական տարածքում իրացնելու: Պատգամավորը նկատեց, որ այդ ուսանողների դիպլոմների չճանաչվածության խնդիր կա, Բոլոնիայի գործընթացի բոլոր ծրագրերից նրանք դուրս են մնում:

ԲՀԿ-ական պատգամավորը նշել է, որ չճանաչված պետությունների բնակիչները պետք է զրկված չլինեն եվրոպական կրթական և առողջապահական ծրագրերում ներգրավվածությունից: