ԱՆ-ում քննարկվել են Պրոբացիայի ծառայությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսին եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանին:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ էլեկտրոնային հսկողության մեխանիզմների ներդրման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարարը վստահեցրել է, որ Պրոբացիայի ծառայության վերաբերյալ գործընկերների ներկայացրած բոլոր առաջարկները կքննարկվեն եւ, ըստ անհրաժեշտության, կներառվեն Քրեակատարողական համակարգի բարեփոխումների ռազմավարության նախագծում, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:

Պեպին Գերիտսն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը Նախարարության հետ առաջիկայում մեկնարկող ծրագրերի միջոցով:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Խաչիկյանն ընդգծել է, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում գործընկեր կազմակերպության ջանքերն ուղղված քրեակատարողական քաղաքականության եւ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացմանը: