ՌԴ-ն ՀՀ-ի վրա ազդեցության լծակներ ունի․ դա ոչ միայն գազն է, այլև Ղարաբաղի հարցը․ Gazeta.ru

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

գազ

«Gazeta.ru» կայքն անդրադարձել է գազի գնի հարցով հայ-ռուսական բանակցություններին՝ նշելով, որ հայկական կողմը փորձում է այնպես անել, որ Մոսկվան նվազեցնի վառելիքի գինը, ապա նկատում է, որ բանակցություններն ընթանում են մի քանի ամիս, բոլոր վերջնաժամկետները վաղուց անցել են, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել:

«Տեսականորեն սակագինը հնարավոր կլիներ չբարձրացնել, եթե ՀՀ իշխանությունը սուբսիդավորեին ներքին սպառողների համար գազի գինը, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սկզբին հրաժարվել էր դրանից՝ փաստացիորեն առաջարկելով սակագնի բարձրացումը «զսպել» ռուսական «Գազպրոմ»-ի հաշվին»,-գրում է կայքը:

ՀՀ կառավարությունում «gazeta.ru»-ի քաջատեղյակ աղբյուրը մանրամասնել է, որ ըստ Փաշինյանի՝ Հայաստանն ու Ռուսաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և գտնվելով միասնական տնտեսական տարածքում, պետք է հավասար պայմաններ ունենան թե՛ ռուսական, թե՛ հայկական բիզնեսի համար: Մինչդեռ գազի հարցում այդպես չէ:

«Դա բացասաբար է ազդում արտադրանքի ինքնարժեքի վրա և անառողջ մրցակցություն է ստեղծում ԵԱՏՄ-ում»,-ասել է աղբյուրը՝ մանրամասնելով, որ ԵԱՏՄ շրջանակում գները պետք է հավասարեցնել, այլ ոչ թե բարձրացնել:

«Քանի որ Մոսկվան դեռևս որևէ խոստում չի տալիս, համենայն դեպս հրապարակայնորեն այդ մասին որևէ հստակ բան չի ասվել, Հայաստանի իշխանությունը հակագրոհի է անցել: Հունիսին «Գազպրոմ Արմենիա»-ն թույլ տված խախտումների պատճառով տուգանվել էր 10 մլն դրամով»,-գրում է gazeta.ru-ն՝ նկատելով, որ  տուգանքի չափը, իհարկե, աննշան է, սակայն դա ազդակ է «Գազպրոմ»-ին և Կրեմլին: 

Աղբյուրը «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում, սակայն, ըստ ամենայնի, որոշման արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերից ոչ շուտ: Հենց այդ ժամանակահատվածում էլ նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան: Սակայն փորձագետները գտնում են, որ Ռուսաստանը պատրաստ չէ գազի գնի իջեցման:

«Հայաստանն առանց այդ էլ գազը ստանում է միանգամայն մրցակցային գնով, շուկայականից ավելի ցածր: Ավելի մատչելի գնով գազ է ստանում միայն Բելառուսը: Այնպես որ գինը նվազեցնելու տեղ չկա»,-իր մեկնաբանությունում նշել է Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը: 

Ըստ աղբյուրի՝ փորձագետ, Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Մակարկինը կարծիք է հայտնել, որ երկու պետությունների միջև լարվածության առաջացման համար առիթները միշտ էլ լինելու են: Օրինակ՝ Մոսկվային դուր չի գալիս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:

«Ռուսաստանը ՀՀ գործող իշխանության վրա ազդեցության լծակներ ունի: Եվ դա ոչ միայն գազն է, այլև Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ անվտանգության երաշխիքները»,-ասել է Մակարկինը՝ ենթադրելով, որ այս անգամ Հայաստանը ռուսական գազի հարցում Ռուսաստանից հերթական արտոնությունները ստանալու քիչ շանսեր ունի:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 2019 թ. հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանի համար 15 դոլարով թանկացրել է բնական գազի գինը: Սակայն սպառողների համար գինը մնացել է նախկինը, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներքին խնայողությունների և կրճատումների հաշվին փակում է տարբերությունը: Սակայն չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարողանա անհրաժեշտ միջոցներ ստեղծել և ի վերջո արդեն այս տարի սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի: