ՌԴ-ից բացի՝ ոչ ոք հետաքրքրված չէ, որ ԼՂ հարցը լուծվի՝ ՀՀ շահերը հաշվի առնելով․ Լեպյոխին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

լեպյոխին

«Rusarminfo.ru»-ն գրում է, որ ԵԱՏՄ ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի զարգացումներին, մասնավորապես Արցախը գործընթացում ներառելու պահանջին, նշել է, որ Հայաստանը Բաքվի հետ բանակցություններում միանգամայն ճիշտ միտում է թելադրում: 

«Ղարաբաղը պետք է բանակցային սուբյեկտ դառնա: Դրա համար հարկավոր է ջանք գործադրել այդ տարածքի սուվերենացման համար, որպեսզի այնտեղ իշխանությունների ազատ ընտրություններ անցկացվեն»,- ասել է Լեպյոխինը, ապա հավելել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս առաջադրանքից շեղում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հանգուցալուծում չստացած իրավիճակը:

Լեպյոխինը նաև կարծում է՝ արցախյան խնդրի շուրջ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն սուվերենացում:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է առանցքային բանակցային ձևաչափը լինի, քանի որ ՄԽ շրջանակում, Ռուսաստանից բացի, ոչ ոք լրջորեն հետաքրքրված չէ, որ Ղարաբաղի հարցը լուծվի Հայաստանի շահերը հաշվի առնելով: ՄԽ-ի միջոցով փորձ է արվում առաջ տանել խաղաղապահների տեղակայման գաղափարը, որպեսզի ավելի ուշ այնտեղ հայտնվեն ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն: Որքանով ես եմ տեղյակ՝ Հայաստանի ղեկավարությունն այն դիրքորոշումն ունի, որ նման բան չի կարելի թույլ տալ»,-ասել է քաղաքագետը:

Լեպյոխինը նաև կարծում է՝ հարկավոր է բանակցային այլ ձևաչափ՝ նկատի ունենալով Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին, որոնցից կախված է տարածաշրջանային կայունությունը:

«ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է դիտարկել այս երկրների միջնորդության ներքո»,-ասել է Լիպյոխինը՝ ընդգծելով, որ Թուրքիան լինելու է Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի թիկունքում կանգնած է լինելու Ռուսաստանը: Իսկ Իրանին, ըստ Լեպյոխինի, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունեցող և այժմ ԱՄՆ-ի հետ լուրջ առճակատման մեջ գտնվող երկիրը կարող է բարդություններ առաջացնել: