Հուլիսի 7-14-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը․ ընդունվել է 740 հայտ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 02, 24New

1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ, նախարարության աջակցությամբ, հուլիսի 7-14-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը:

Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը  ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:

Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և «Clermont-Ferrand» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը: «Ոսկե ծիրանի» շրջանակում կանցկացվի նաև կինոլորտի երիտասարդ մասնագետների զարգացման «Talent Lab» ծրագիրը: Այն առաջին անգամ իրականացվելու է փառատոնի օրերին` հուլիսի 9-12-ը: «Talent Lab»-ը բաղկացած է չորս աշխատարանից, որոնք նախատեսված են դերասանների, պրոդյուսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատների համար: Աշխատարանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 10:00-ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում: Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքում: «Ոսկե ծիրան» 16-րդ  միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կմեկնարկի Կարմիր գորգի արարողությամբ, որը տեղի կունենա ժամը 17:30-ին: Այնուհետև, ժամը 19:00-ին, տեղի կունենա փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Կինոփառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում»,- ասված է հաղորդագրությունում: