Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին հրավիրել է Հայաստան. ԲՀԿ պատվիրակությունը Մոսկվայում է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

Գագիկ

Աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում  գտնվող  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության պատվիրակությունը, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր:

Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել  երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանն ուղղված Գագիկ Ծառուկյանի ջանքերը՝ ընդգծելով, որ ԲՀԿ նախագահը բազմաթիվ գործերով է ապացուցել Ռուսաստանի հանդեպ ջերմ ու եղբայրական վերաբերմունքը: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող ռուսական թեքումով դպրոցի դերը՝ նշելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-ռուսական հարաբերություններին և երկու երկրների դարավոր բարեկամությանը:  Անդրադառնալով  Հայաստանի խորհրդարանում վերջերս ստեղծված Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի գործունեությանը՝ Լեոնիդ Կալաշնիկովը  նշել է, որ չնայած ձևավորման  կարճ ժամանակահատվածին, հանձնաժողովը հասցրել է կարևոր աշխատանք կատարել և արդյունավետ գործակցություն հաստատել ռուս գործընկերների հետ:

Գագիկ Ծառուկյանն վերահաստատել է, որ պատրաստ է շարունակել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը միտված ջանքերը տարբեր ուղղություններով՝ տնտեսականից  մինչև կրթական ու մշակութային: ԲՀԿ նախագահը կարևոր է համարել նաև միջխորհրդարանական կապերի, փոխադարձ այցելությունների ու շփումների էլ ավելի ակտիվացումը: Կողմերն անդրադարձել են նաև «Բարգավաճ Հայաստան»  և  Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա»  կուսակցությունների միջև հաստատված երկարամյա սերտ գործակցությանը՝ ընդգծելով, որ քաղաքական երկու ուժերին հաջողվել է էապես նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

Գագիկ Ծառուկյանը Լեոնիդ Կալաշնիկովին հրավիրել է Հայաստան: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան սիրով ընդունել է այն՝ նշելով, որ ԲՀԿ նախագահի հրավերով Հայաստան կատարած վերջին այցի ջերմ տպավորությունները մինչև օրս թարմ են մնացել: