Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին․ Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Ադրբեջանը հրաժարվել է հայկական պատվիրակության համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի՝ Բաքվում անցկացվող նիստին մասնակցելու համար տրամադրել հավելյալ անվտանգության միջոցառումներ՝ երկիր անարգելք մուտքը և մասնակցությունն ապահովելու համար: Հայաստանը պաշտոնական բողոք է հղել՝ հայկական պատվիրակության մասնակցությունը խոչընդոտելու համար:

Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մշտական կապի մեջ ենք եղել քարտուղարության հետ, և քարտուղարության կողմից մշտապես ջանքեր են գործադրվել հյուրընկալող իշխանություններից ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքները: Սակայն ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անտվանգության միջոցառումներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր և մասնակցությունը տվյալ միջոցառմանն ապահովելու համար»,-ասել է Աննա Նաղդալյանը:

Մամուլի խոսնակը նաև նշել է, որ դա արատավոր նախադեպ է, երբ մշակութային և բնական համաշխարհային ժառանգության կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ նիստին մասնակցելու իրավունքը:

Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այդ արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 30-հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին որպես դիտորդ մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետությունից ստանալու անվտանգության հավելյալ երաշխիքներ ՀՀ պատվիրակության մասնակցությունը միջոցառմանն ապահովելու համար, սակայն չէր ստացել: