ՀԲ-ն ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ 13,4 մլն եվրո կհատկացնի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան  տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել  նշել, որ բանկի հետ համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը Հայաստանի    տնտեսական զարգացման և ենթակառուցվածքային արդիականացման համար կարևոր նախադրյալներ է ստեղծում։

ՀԲ-ի տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ գործընկերային ու արգասաբեր համագործակցությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերի միջոցով զարգացման նոր դրսևորումներ կստանա։ Նարգիզ Ռիսկուլովան նաև ուրախությամբ հայտնել է, որ ՀԲ-ի տնօրենների խորհուրդը ս․թ․ մայիսին հաստատել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ 13,4 մլն  եվրո ֆինանսավորումը, որով նախատեսվում է վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում։    

Նկատենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի առաջին փուլով նախատեսված 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ արդեն վերականգնվել է։  Ավելին՝ ծրագրի տնտեսումների հաշվին հնարավոր է եղել վերականգնել ծրագրով նախատեսվածից ավելին՝ լրացուցիչ 41,1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ։ Ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 360 կմ ընդհանուր երկարությամբ (ներառյալ հիմնական ծրագրի 170կմ-ը) կենսական նշանակության ճանապարհահատվածներ։