Նույն ժամին տարբեր հիվանդանոցներ դանակահարված անձինք են դիմել, մեկը՝ կին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

դանակ

Հուլիսի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմանում Եղեգնաձոր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իսկ ժամեր անց, այս անգամ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ահազանգ ստացվել Վայքի հիվանդանոցից, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 32-ամյա Գայանե Ա․-ն է, իսկ Վայքի հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի բնակիչ 24-ամյա Արգիշտի Բ․-ն է։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134 կմ հատվածում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արգիշտի Բ․-ի, Վայք քաղաքի բնակիչ 23-ամյա Գևորգ Ս․-ի և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա Էմին Ս․-ի միջև։ Վիճաբանության հետևանքով Արգիշտի Բ․-ն «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Իսկ Գայանե Ա․-ն «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը նաև նշում է, որ վիրավոր Գայանե Ա․-ն կռվի մասնակիցներից Էմին Ս․-ի կինն է։