Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2019 թվականի հունիսի 18-ի հրամանով Վիրահայոց թեմում՝ որպես թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, տեղեկացնում է Վրաստանի Առաքին ալիքը:

Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում: 1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում, իսկ 1999-2004 թթ.՝ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2005 թ. նոյեմբերին պաշտպանել է ավարտաճառ` «Հայ-վրացական եկեղեցական բաժանման վավերագրերը» թեմայով: 2005-2006 թթ. աշխատել է Էջմիածնի գլխավոր աթոռանիստ տաճարի աստվածաբանական-հայագիտական  կենտրոնում: 2005 թ. փետրվարի 5-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Կիրակոս աբեղա:

2005-2008 թթ. ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` որպես Բաթումիի Ս. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ: 2008-2012 թթ. սպասավորել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում` որպես Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, իսկ այնուհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:

2015 – 2019 թթ. Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծառայել է Գեղարքունիքի թեմում՝ իբրև առաջնորդական տեղապահ: 2015 թվականին,Կիրակոս աբեղա Դավթյանը բարեհաջող պաշտպանել է վարդապետական թեզը և ստացել մասնավոր վարդապետության աստիճան։

Կիրակոս վարդապետը հուլիսի 8-ին ժամանելու է Թբիլիսի:

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վիրահայոց թեմը առաջնորդել է 17 տարվա ընթացքում, 2002 թվականի սեպտեմբերից: Գարեգին Երկրորդի հրամանով նա վերադառնում է Սուրբ Էջմիանին՝ հոգևոր ծառայությունը շարունակելու: