Ինչո՞ւ է սպանվել Մասիվցի Անդոն և ի՞նչ դիրք ուներ նա քրեական աշխարհում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Հասարակություն

Անդո Խրոմոյ կամ Մասիվցի Անդո անունով հայտնի «օրենքով գող» 46 տարեկան Անդրանիկ Հարությունյանի սպանությունը թվով երկրորդն էր վերջին տարիների ընթացքում: Ինչպես արդեն հայտնել ենք, Հարությունյանը սպանվել էր երեկ երեկոյան Նոր Նորքի Միկոյան փողոցում՝ թիվ 19 շենքի բակի տաղավարում։ Երեք հոգու հետ Անդրանիկ Հարությունյանը նարդի էր խաղում. նրանց է մոտենում մեկ անձ, կրակոցներ արձակում, ինչի հետևանքով Անդրանիկ Հարությունյանը սպանվում է:   

Ըստ 24News-ի տեղեկությունների՝ վերջերս երկու խմբավորումների մեջ եղել է կոնֆլիկտ: Նրանք դիմել են Մասիվցի Անդոյին հարցին լուծում տալու համար: Անդոն մի թևի նկատմամբ շատ կոշտ վերաբերմունք է դրսևորել: 

Հարկ է նշել, որ Մասիվցի Անդոն (մամուլը նրան սխալմամբ հաճախ անվանում էր Անդիկ՝ շփոթելով մալաթիացի մեկ այլ օրենքով գողի հետ) եղել է բավական ազդեցիկ հայ գողերի շարքում, հարուստ քրեական կենսագրություն է ունեցել, ակտիվ է եղել մասնավորապես Ռուսաստանում:

Մասիվցի Անդոն կոնֆլիկտ է ունեցել քրեական աշխարհում Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի հետ: Ոստիկանության կողմից կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում միշտ բեման է ենթարկվել: 

Մեկ տարի առաջ՝ 2018թ․-ին, «օրենքով գող» Անդո Խրոմոյը ձերբակալվեց Հայաստանում ապրող բոլոր «օրենքով գողերի» ընդհանուր խուզարկությունների ժամանակ: Նրա բնակարանում հայտնաբերվել էին մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ Ըստ 24News-ի տեղեկությունների՝ օրեր առաջ նա կրկին բերման էր ենթարկվել ոստիկանություն: 
Մասիվցի Անդոն հայտնի օրենքով գողեր Արո-Հայկո եղբայրների ազգականն էր:  

Չնայած Հայաստանում օրենքով գողերը շատ են, սակայն Մասիվցի Անդոյի սպանությունը երկրորդն է: Օրենքով գողի առաջին սպանությունը տեղի ունեցավ 10 տարի առաջ՝ 2009 թ․-ի հունիսի 19-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղում իր տան մուտքի մոտ, դիմահար կրակոցով սպանվեց հանցագործ աշխարհի հեղինակություններից մեկը «օրենքով գող», Մարսո մականվամբ Մարզպետունի Պետրոսյանը: Նա տեղափոխվել էր Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ դեպքից 10 րոպե անց ոստիկանության Արարատի բաժին էր ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ, 1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը և հայտնել, որ անձնական հարցեր պարզելու համար գնացել է Գոռավան և սպանելու նպատակով կրակել Մարզպետունի Պետրոսյանի վրա:

Ամիսներ անց՝ 2009 թ․-ի նոյեմբերին, Մյասնիկյան պողոտայում հնչած կրակոցներից սպանվեց «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի տնօրեն, 1958 թվականին ծնված Սամվել Շաբոյանը: Պատճառը վերժխնդրությունն էր: Շաբոյանի սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց Կարեն Պետրոսյանը: Նա 2009 թ․-ի հունիսին սպանված «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին էր: «Օրենքով գող»-ին սպանել էր Սամվել Շաբոյանի եղբայրը` Պերճիկը: 

Եթե Մասիվցի Անդոյի սպանությունը բացահայտելու առնչությամբ իրավապահ մարմինները համապատասխան քայլեր չձեռնարկեն, այն շղթայական ռեակցիա կարող է ունենալ և դրդել վրեժխնդրության: 

ԽՍՀՄ-ում քիլերների գործունեության առաջին նախադեպը եղել է Հայաստանում: Այն կազմակերպել է Խորհրդային Հայաստանի գլխավոր դատախազ Օսիպովի տղան՝ Տյաշկա մականվամբ հայտնի Արտաշես Օսիպյանը, ում Բուլղարիայում պայթեցրին 2000 թվականին: