ԱԺ նախագահը զրուցել է Մոսկվայում կարևոր նիստը բաց թողած պատգամավորների հետ. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

Միրզոյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոսկվայում տեղի է ունեցել «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը կրող համաժողով, որին մասնակցել են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են եղել նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, այդ թվում` պատվիրակություն Հայաստանից:

Ընդ որում, Հայաստանն ավելի լայն մասնակցություն է ունեցել և, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ուշագրավն այն է, որ Հայաստանի համար ամենակարևոր քննարկումներից մեկի ժամանակ Ազգային ժողովի պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել, անգամ խորհրդարանական ընդդիմադիրները, և, հետևաբար, չեն արձագանքել ելույթներին:

Մասնավորապես, խոսքն այն քննարկման մասին է, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը ՀՀ-ին և Արցախը թիրախավորած խիստ ելույթներ է ունեցել:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ստիպված է եղել միայնակ պատասխանել ադրբեջանական հարձակմանը:

Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իշխանական պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ-ից` Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ԼՀԿ-ից էլ` Էդմոն Մարուքյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվայում համաժողովի ժամանակ փոքրիշատե միայն ընդդիմադիր պատգամավորներն են ակտիվ եղել, մասնակցել այլ սեկցիաների, սակայն ադրբեջանական հարձակմանը անգամ նրանք ներկա չեն եղել: Պատվիրակության անդամները այնտեղ ավելի շատ առանձին և մասնավոր հանդիպումներ են ունեցել, և անգամ ռուսական կողմի ներկայացուցիչներն են տարակուսանք հայտնել հայ պատգամավորների պասիվությունից և նման կարևոր նիստերը բաց թողնելու փաստի առիթով:

Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ նիստը բաց թողնելու մասով զրուցել է պատվիրակության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Նարեկ Մկրտչյանը նշեց. «Այն ժամանակ, երբ թիրախավորված ելույթ է եղել, մենք` այդ թվում՝ ընդդինության պատգամավորները, մյուս սեսիաներում արդեն ելույթներ էինք ունենում կամ արդեն նախապես պայմանավորված հանդիպումների էինք: Այդ թեմայով Միրզոյանի հետ փոքրիկ զրույց ունեցել ենք»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: