2019-ին Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ մի քանի զորավարժություններ կանեն. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

1

2019 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ մի քանի պլանային զորավարժություններ են անցկացնելու: Այդ մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զորավարժություններից երկուսը լինելու են առավել մասշտաբային: Շեշտադրումները տարբեր են հարձակվողական, պաշտպանողական»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, փորձագետ Վաղարշակ Հարությունյանն  «Արմենպրես» -ի հետ զրույցում նշել է, որ դրանք պլանավորած միջոցառումներ են: Ամեն տարի ստորագրվում են փաստաթղթեր հայ-ռուսական համագործակցության և ՀԱՊԿ-ի շրջանակում, որոնցով նախատեսվում են նաև զորավարժություններ: Մյուս կողմից նման միջոցառումներ անցկացնելիս հաշվի են առնվում տարածաշրջանային զարգացումները, գործողությունները:

«Մենք շատ լավ հետևում ենք և տեսանք ադրբեջանաթուրքական զորավարժությունները: Այս տարի երկու անգամ անցկացվել է, նաև՝ Նախիջևանում, որը շատ կարևոր ուղղություն է մեզ համար: Եվ ահա Հայաստան-Ռուսաստան զորավարժությունները պետք է դիտել նաև այդ տեսանկյունից»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ եղել է ժամանակ, երբ լարվածությունը նվազել էր, հիմա մի քիչ ավելացել է:

«Այդ ընթացքը, կարծես, ընդհանուր գծի մեջ է, ինչպես մենք տեսնում ենք, լարվածությունը մեկ ավելանում է, մեկ՝ իջնում: Ինչ վերաբերում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ներկայում նման բան չեմ տեսնում: Նախապայմաններ, որոնք թույլ կտան Արդբեջանին սկսել ռազմական գործողություններ, ես հիմա չեմ տեսնում: Անկախ ամեն ինչից, մենք պետք է լինենք միշտ պատրաստ պատերազմին, որովհետև դա բացառել հնարավոր չէ: Պատերազմը կանխելու լավագույն ձևը հենց պատերազմին պատրաստ լինելն է»,-ասել է Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին՝ միջազգային ճնշումները Մոսկվայի վրա որքանո՞վ կարող է նվազեցնել Ռուսաստանի ուշադրությունը Կովկասի նկատմամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանի համար Կովկասը չափազանց կարևոր է:

«Սիրիայի դեպքում մենք ինչ տեսանք, երկիրը Ռուսաստանի սահմաններից հեռու է, սակայն, լինելով կարևոր տարածաշրջան, Ռուսաստանը մտավ անմիջական գործողությունների մեջ:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն հենց իր սահմաններին մոտ է և չափազանց կարևոր է»,-ասել է Վաղարշակ Հարությունյանը: