Անհեթեթության վրա ժամանակ վատնել պետք չէ. նախկին ՀՀԿ-ականը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 4, 24News

1

ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը անթույլատրելի է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու մասին հայտարարությունը։

«Այն, որ դա քաղաքական առումով անթույլատրելի քայլ էր, միանշանակ է, որ դա ճնշում էր դատարանների վրա, միանշանակ է։ Հուսամ, որ նմանատիպ երևույթներ մեզանում այլևս չեն լինի, որովհետև յուրաքանչյուր նման երևույթ անդառնալի հետք է թողնում երկրի վրա», - ասել է Հարությունյանը՝ «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովի  քննարկումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նախկին Հանրապետականը մտավախություն է հայտնել, որ նման քայլերը կարող են կրկնվել հաջորդների կողմից նոր տարբերակներով։

«Եթե որևէ մեկը մտահոգ է մեր պետականության զարգացմամբ, պահպանմամբ, նա պետք է դեմ լինի նման մոտեցումներին։ Ցավում եմ, որ որևէ մեկը վարչապետի շրջապատում չգտնվեց, որ նրանի ասի՝ եկեք այս քայլից ձեռնպահ մնանք», - ասել է Դավիթ Հարությունյանը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ ըստ որի՝ դատավորները մինչև այժմ նախկին իշխանություններից զանգեր են ստանում, Հարությունյանը նշել է, որ դա Նիկոլ Փաշինյանի  քաղաքական հնարքն է․ «Ուղղակի վստահ եմ, որ դատավորներին որևէ մեկը չի զանգում»։ 

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Հարությունյանն ասել է՝ սահմանադրական ճգնաժամ չկա.

«Եթե ես հիմա հայտարարեմ՝ երկրագունդը տափակ է, դրանից ճգնաժամ չի առաջանա։ Սահմանադրական դատարանի դատավոր Գրիգորյանի կողմից հայտարարածը ոչ միայն ճգնաժամ չի առաջացնում, այլ չի էլ վկայում առկա ճգնաժամի մասին»։

Հարցին՝ ի՞նչ կաներ Դավիթ Հարությունյանը, եթե գտնվեր գործադիր իշխանությունում, ո՞ր տարբերակը կընտրեր, նախկին ՀՀԿ-ականը նշել է․

«Այն, որ Վահե Գրիգորյանը համարում է, թե կա ճգնաժամ, խոսում է այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորել է յուրաքանչյուրին կարծիքի ազատություն։ Կարելի է պնդել, որ երկրագունդը տափակ է։ Սա ևս կարծիք է, այլ բան է, որ անհեթեթ կարծիք է։ Հիմա, եթե Ձեր հարցադրումը փոքր-ինչ փոխեմ՝ ի՞նչ կանեի ես, եթե ինձ դիմեին մի անհեթեթ առաջարկությամբ՝ ոչինչ, որովհետև անհեթեության վրա ժամանակ վատնել պետք չէ։ Պարոն Գրիգորյանի գնահատականը անհեթեթություն է և խնդրում եմ այդ մասին ինձ այլևս հարցեր մի տվեք», - ասել է  Հարությունյանը։