Մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ հանուն բաց դռներով Եվրոպայի․Ղուլյանի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 04, 24News

1

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր շնորհավորական նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Մարիա Սասոլիին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Նամակում մասնավորապես ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ:

Ազատության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում Եվրոպական խորհրդարանի առաքելությունը կարեւորվում է ոչ միայն Եվրամիության տարածքում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս:

Արցախում եւս հավատում ենք ժողովրդավարական արժեքներին. մեր ժողովուրդը նույնպես հետեւողական է ժողովրդավարական երկիր զարգացնելու եւ իրավունքի գերակայությունն ամրապնդելու իր ձգտման մեջ:

Այս առումով Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը, որը անգնահատելի ռեսուրս է փորձի փոխանակման համար:

Հուսով եմ, որ Ձեր նախագահության ընթացքում Եվրոպական խորհրդարանը կլինի ավելի ինտեգրող իր արժեքները կիսող կառույցների եւ ժողովուրդների համար:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում արդյունավետ գործունեություն՝ հանուն Եվրոպայի ժողովրդավարական տան եւ բաց դռներով Եվրոպայի»: