Թարմ խոտ ուտելու հետևանքով են Վարդենիսում կովերն անկել․ ՍԱՊՏ պետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Հասարակություն

Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը 24News-ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ Մարտունիում կով չի անկել, իսկ Վարդենիսում անկել է 4-ը, որը, նախնական հետազոտությամբ, թարմ և խոնավ առվույտ ուտելու հետևանք է։ 

«Եթե այդ խոտը ուտելուց հետո գնում են ջուր խմելու, այս ռեակցիան արագ կարող ենք ստանալ։ Բոլոր 4 կովերն էլ փքված են եղել, կլինիկան շատ ցայտուն է, մանավանդ որ մի քանի կովի Մարտունիում անասնաբույժները փրկել են՝ ծակելով ստամոքսի համապասխան հատվածը և բաց թողնելով գազերը»,-ասաց նա։

Նշենք, որ Zona Positive ֆեյսբուքյան էջը նկարներ է հրապարակել և նշել, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո 10 կով տարօրինակ են իրենց պահել, փքվել են, հետո սատկել: Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են։

Հարցին, թե արդյո՞ք Սևանի ջրիմուռներից չի հայտնաբերվել կովերի ստամոքսում, Գեորգի Ավետիսյանը պատասխանեց, որ անկած կովերն այսօր առավոտյան են ուղարկվել փորձաքննության։ Երեկոյան արդեն պարզ կլինի՝ հավելյալ փորձաքննության կարիք կա, թե՞ ոչ։