Որքան ունեցվածք ունեն Քոչարյանին ազատ արձակած և կալանավորման որոշում կայացրած դատավորները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Հասարակություն

Մայիսի 18-ին «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու և ազատ արձակելու վերաբերյալ որոշում կայացրած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դրամական միջոցները 2018թ․ սկզբին կազմել են 3 մլն դրամ, ինչը տարեվերջին ավելացել է ևս 2,1 մլն դրամով և կազմել 5,1 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայատարարագրից։

Հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է 9,6 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատավարձի վարձատրությունից, վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումից, ինչպես նաև ստացված փոխառություններից (վարկեր)։

Նրա կնոջ՝ Նարինե Հովհաննիսյանի դրամական միջոցները 2018թ․ տարեսկզբին կազմել են 200 հազ․ դրամ, իսկ տարեվերջին՝ 600 հազ․ դրամ։ Հարկային տարում նրա եկամուտը կազմել է 1,7 մլն դրամ՝ ինչը աշխատանքի վարձատրության արդյունք է։ 

Դատավորի երեխաների հայտարարագրերում որևէ տեղեկատվություն առկա չէ։

Հունիսի 25-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կրկին փոխելու և կալանավորելու որոշում ընդունած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի, 2018թ․ հայտարարագրի համաձայն, դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 12,5 մլն դրամ և 22 հազ․ դոլար, ինչը տարեվերջին աճել է ևս 300 հազ․ դրամով։ 2018թ․ հարկային տարվա եկամուտը կազմել է 8,7 մլն դրամ, ինչը գոյացել է աշխատանքի վարձատրությունից։

Դատավորի կնոջ՝ Մառա Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ և 33 հազ․ դոլար, իսկ տարեկան եկամուտը՝ 4 մլն դրամ, որը կրկին գոյացել է աշխատանքի վարձատրությունից։

Երկու դուստրերի ներկայացրած հայտարարագրում որևէ տեղեկատվություն առկա չէ։