«Օրենքով գող» Քալաշովին Սահմանադրության օրն ապօրինի արտահանձնել են Ֆրանսիային․ պաշտպան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 5, 24News

Merab

Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 1975 թվականին ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին, որը շուրջ 9 ամիս Երևանում կալանքի տակ էր գտնվում, այսօր՝ հուլիսի 5-ի առավոտյան, առանց վերջնական դատական ակտի, արտահանձնել են Ֆրանսիային։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Քալաշովի պաշտպան, փաստաբան Արմեն Մելքոնյանը։ 

Ըստ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանի՝ իր պաշտպանյալին արտահանձնել են առանց վերջնական որոշման։

«Ֆրանսիական օրենսդրությունը թույլ է տալիս անձի բացակայությամբ հեռակա կարգով նրան դատապարտել։ Քալաշովին դատապարտել էին ազատազրկման։ Այդ մասին տեղեկանալով՝ Հայաստանի դատախազությունն օրենքով սահմանված կարգով վարույթը փոխանեցեց արդարադատության նախարարությանը։ Օրենքով նախատեսված է հիշյալ գործընթացի համար կալանքի տակ մնալու առավելագույն 8 ամիս, մինչդեռ Քալաշովը մնաց 9 ամիս։ Մեկ ամիս ավելի կալանքի տակ պահելու հարցը վիճարկում էինք Վերաքննիչ դատարանում։ Իսկ Ֆրանսիային հանձնելու Վերաքննիչ դատարանի որոշումը Քալաշովի կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Երկու բողոքներն էլ դեռ չեն քննվել։ Քրեական դատավարության օրենսգքրի 495-րդ հոդվածը փաստում է, որ անձը կարող է հանձնվել միայն նրա նկատմամբ վերջնական որոշում կայացնելուց հետո», - ասաց Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Ըստ նրա՝ իր համառ ջանքերից հետո, թե ի վերջո ինչի հիման վրա են արտահանձնում Քալաշովին, արդարադատության նախարարության աշխատակիցը ներկայացրել է փոխնախարարի պաշտոնակատար Արտակ Ասատրյանի անստորագիր, առանց ամիս ամսաթվի մի գրություն, որի վերևամասում գրված է եղել՝ «ցումունք՝ հանձնարարում եմ կատարել Քալաշովի արտահանձնումը»։

Ըստ պաշտպանի՝ Քալաշովի վերաբերյալ պատկան մարմինները վերջնական որոշում չունեն ու ստիպողաբար են նրան արտահանձնել։

«Ամեն ինչ դիտավորությամբ կատարվեց։ Այսօր՝ Սահմանադրության օրը, ոտնահարելով սահմանադրական բոլոր իրավունքները, անձին ապօրինի արտահանձնեցին Ֆրանսիայի Հանրապետությանը»,- ասաց Քալաշովի պաշտպանը։

Ըստ նրա՝ երեկ երեկոյան մի քանի ժամ իրենք որոնել են Քալաշովին։ Այցելել են քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պահվել է, այնուհետև դատապարտյալների հիվանդանոց, սակայն չեն գտել։ Որոշ ժամանակ հետո տեղեկացել են, որ Քալաշովը «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում է։

«Երկու ժամ շարունակ ապօրինի կերպով մեզ՝ Քալաշովի երկու պաշտպաններիս, չթույլատրեցին տեսակցել նրան։ Իսկ երբ թույլատրեցին, տեսանք, որ Քալաշովին ծեծի են ենթարկել, բութը կոտրած էր, մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կային։ Հաղորդում ներկայացրինք ոստիկանություն, սակայն ոչ ոք այդպես էլ չարձագանքեց»,- ասաց Արմեն Մելքոնյանը։

Պաշտպանը նաև նշեց, որ իրենց հորդորներից հետո ֆրանսիական կողմն է միայն արձանագրել Քալաշովի վնասվածքները, և խոստացել են Ֆրանսիա հասնելուն պես նրան տեղափոխել հիվանդանոց։

Պաշտպանը նաև նշեց, որ այսօր՝ ժամը 24։00-ից հետո, լրանալու էր Քալաշովին կալանքի տակ պահելու ժամկետը, իրավապահ մարմինները ստիպված էին նրան ազատ արձակել, ուստի Արմեն Մելքոնյանը կարծում է՝ դա է պատճառը, որ հապճեպ որոշում են կայացրել, որպեսզի Քալաշովին բաց չթողնեն։

Հիշեցնենք, որ Քալաշովը Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր 2015 թվականից։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ նրան մեղադրանք էր առաջադրվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Նա մեղադրվում է չարագործների խմբավորման հանցագործության նախապատրաստմանը մասնակցություն ունենալու, փողերի լվացման, գողացված իրերը թաքցնելու համար։ 2018 թ. նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում էր կայացրել Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով թույլատրել հանձնումը Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին: 

Քալաշովը չունի ՀՀ քաղաքացիություն, ամուսնացած է, ունի երեք ամսական երեխա։