Նախկինների ժամանակ մարզպետ աշխատածներին նստեցնելու օպերացիան մեկնարկել է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունների ժամանակ մարզպետ աշխատած անձանց մեղադրյալի աթոռին նստեցնելու օպերացիան մեկնարկել է:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանի առաջ է կանգնել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի հետևանքով էական վնաս է հասցրել պետությանը: Այս արարքի համար նախաքննական մարմինը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը շահերին հակառակ օգտագործելը») և ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասի («Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը») հատկանիշներով:

Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքներից` եթե դատարանը նրան առավելագույն պատիժ սահմանի, ապա Սահակյանը ազատազրկման կդատապարտվի 7 տարի ժամկետով:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը Սարգիս Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Հավելենք, որ Սարգիս Սահակյանը ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբայրն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: