Աշխարհի ամենահարուստ մարդը բաժանվել է․ նրա կինը կդառնա մոլորակի ամենահարուստ կինը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից՝ ՄքՔենզիից, հայտնում է bloomberg.com-ը:

Ամուսնալուծության գործընթացի ավարտը կդառնա Բեզոսի կողմից նախկին կնոջը Amazon ընկերության 19,7 մլն բաժնետոմսերի փոխանցման սկիզբը: Փաթեթի արժեքը գնահատվում է 38,3 մլրդ դոլար, ինչը թույլ կտա նրան դառնալ մոլորակի ամենահարուստ կինը:

Միևնույն ժամանակ, ՄքՔենզին մտադրություն ունի իր կարողության կեսը բարեգործությանը հատկացնել:

Ավելի վաղ Բեզոսը շնորհակալություն էր հայտնել նախկին կնոջը «ցուցաբերած աջակցության և բարության համար»:

Բեզոսներն ամուսնացած են եղել 25 տարի: Անցյալ տարվա վերջին Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվել է 131 միլիարդ դոլար, և այդ ցուցանիշով նա երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes-ի ցուցակը՝ առաջ անցնելով Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսից:

Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, նախքան ամուսնալուծության մասին պաշտոնապես հայտնելը կապված է եղել հաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ:

Ինչպես հայտնել էր Daily Mail-ը, լուսանկարներն արվել են հոկտեմբերի 30-ին՝ Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում: Դրանցում երևում է՝ ինչպես է զույգն անկաշկանդ զրուցում ու ծիծաղում:

Սակայն քաջատեղյակ աղբյուրն այլ տեղեկություն է ներկայացրել՝ նշելով, որ Ջեֆն ու ՄքՔենզին ջանք չեն խնայել ամուսնությունը պահպանելու համար, սակայն դա հնարավոր չի եղել և որ միլիարդատերը սկսել է Սանչեսի հետ հանդիպել միայն կնոջից հեռանալուց հետո: