Ոստիկանությունը կանանց հանդեպ բռնության վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 6, 24News

կանանց հանդեպ բռնություն

Ոստիկանությունը կանանց հանդեպ բռնության վերաբերյալ համացանցում տարածված հրապարակումների վերաբերյալ նման պարզաբանմամբ է հանդես եկել.

«Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամներ պարզաբանել է, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով սահմանված կարգով, հանցագործության մասին հաղորդումը ստուգելու և ընթացք տալու համար անհրաժեշտ է, որ դրանք ոստիկանությունում ստացվեն ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հովածով նախատեսված աղբյուրներից, մասնավորապես՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ոստիկանությանը ուղղված հաղորդումներից, լրատվության միջոցներով հրապարակված հացագործության մասին հաղորդումներից:

Որպես հանցագործության մասին հաղորդում գնահատական և ընթացք է տրվում այն տեղեկություններին, որոնք ունեն որոշակի կոնկրետություն, նախնական տեղեկության հիման վրա հնարավոր է եզրահանգում անել կատարված հանցագործության վերաբերյալ՝ վայրի, եղանակի, ժամանակի կամ այն կատարած անձանց մասին:

Վերացական բնույթի հաղորդումները ոստիկանությունյունը ստուգելու պարտականություն չունի, քանի դեռ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության ընթացքում դրանք չեն «հարստացվում» այն աստիճանի, որ հիմքեր կտան հանցագործության մասին կոնկրետ տվյալների ստացման վերաբերյալ:

Ոչ մի օգտատիրոջ ինտերնետային էջ լրատվամիջոց չի հանդիսանում և դրանցում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղբյուրների հանցագործության մասին հաղորդում չի հանդիսանում:

Եթե կանայք ենթարկվում են բռնության, ապա մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որ նրանք բանավոր կամ գրավոր ոստիկանությանը տեղեկություններ տրամադրեն հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ: 

Ոստիկանությունը չէր կաշկանդվի հանցագործության մասին հաղորդումների բացակայությունից, եթե օպերատիվ ճանապարհով ստացված լինեին կատարված սեռական բնույթի հանցագործությունների մասին բավարար տեղեկություններ: Ցավոք սրտի, նման տեղեկություններին բնորոշ է լատենտայնությունը, որը կարող է հաղթահարվել մի դեպքում՝ եթե տուժած անձինքն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն ոստիկանություն»: