34-ամյա տղամարդը դանակով հարվածել է 24-ամյա երիտասարդին․ վնասվածք է ստացել նաև նրա կինը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

Հուլիսի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ «ձախ ազդրի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին։ Մի քանի րոպե անց ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ հնչեց Վայքի բուժհաստատությունից։ Այստեղ հոսպիտալացվել էր 24-ամյա մի երիտասարդ, որի կրծքավանդակին կտրած-ծակած վերք կար։ 

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի ու Վայքի բաժինների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին, որ հիվանդանոցներ տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կիլոմետրին։ Նախնական տվյալներով՝ վիրավոր կնոջ ամուսնու և մի քանի երիտասարդների միջև երթևեկության ընթացքում խնդիրներ են ծագել։ Մեքենաները կանգնեցրել են՝ պարզաբանումներ անելու։ Այդ ընթացքում էլ 34-ամյա տղամարդը դանակով հարվածել է 24-ամյա երիտասարդին։ Միջադեպի ժամանակ վնասվածք է ստացել նաև նրա կինը։ 

Քրեական հետախույզները կասկածյալին հայտնաբերել, բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու ներկայացրել դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Տղամարդը ձերբակալվել է։ 
Դեպքի հանգամանքները պարզվում են։