Դա Վրաստանի դժբախտությունն է․ Զախարովան՝ վրացի հաղորդավարի ելույթի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

1

Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է վրացի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, որն ուղիղ եթերում վիրավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ծնողներին:

«Դա Վրաստանի դժբախտությունն է»,- ասել է Զախարովան «Խոսում է Մոսկվան» ռադիո լրագրողի հարցին պատասխանելիս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Պոստ Սկրիպտում» հաղորդման հաղորդավար Գեորգի Գաբունիան եթերում հայհոյաել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։

Կիրակի երեկոյան հեռուստահաղորդավարն իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահին հայհոյելով: Սոցցանցերում շատերը քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են ավելի սրվել ելույթից:

Հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրել հաղորդավարի անվայել պահվածքի համար: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան արձագանքել է քննադատությանը՝ նկատելով, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը: 

Հեռուստահաղորդավարի ելույթը քննադատել են նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ԱԳՆ-ն։