Ավինյանի՝ մարիխուանա օգտագործելու հոդվածի համար Մուրազին կվճարի 1 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

1

«Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ակնհայտ կաշկանդված և ոչ արդարացի որոշում է կայացրել՝ հօգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի»: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «Politic.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին։

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Բալյանի, հուլիսի 3-ին մասնակի բավարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ «Politic.am» կայքի խմբագիր, եզդիների «Սինջար» ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի:

Դատարանը Մուրազիին պարտավորեցրել է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018 թ. հոկտեմբերի 26-ին «Politik.am» կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործում կառավարությունում» վերտառությամբ և 2018 թ. հոկտեմբերի 27-ին հրապարակված «Ավինյանը վախենում է. մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հոդվածներում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը։ Դատարանի այս որոշումը Բորիս Մուրազին ոչ արդարացի է համարում։ 

«Դատարանը չի փորձել փաստերի համադրությամբ վեր հանել իրականությունը։ Ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել։ Ինչպես նախկինում, հիմա էլ եմ այն կարծիքին, որ առկա է եղել հանրային շահ: Մենք մինչ հրապարակումը տեղեկությունը ճշտելու համար հարցում ենք ուղարկել Տիգրան Ավինյանի գրասենյակ, սակայն հարցմանը պատասխանելու փոխարեն ինչ-որ մեկը միջնորդել է, որ չհրապարակեմ տեղեկատվությունը», - նշեց Բորիս Մուրազին։ 

«Politic.am» կայքի խմբագիրն ընդգծեց, որ դատական նիստերի ընթացքում Ավինյանի փաստաբանն իր կեցվածքով ավելի շատ նման էր դատավորի։ Ինչ վերաբերում է դատավորին, ապա, ըստ Մուրազիի, նա ըստ էության վերցրել է հայցը և այն ներկայացրել որպես վճիռ, միայն պահանջվող գումարն է բաժանել երկուսի։ Տիգրան Ավինյանը Մուրազիի դեմ ներկայացված հայցով պահանջել էր 2 մլն դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում՝ դատարանը Մուրազիին պարտավորեցրել է փոխվարչապետին վճարել 1 մլն դրամ։

«Մի բան հստակ է՝ ես գիտեմ, որ չեմ զրպարտել Տիգրան Ավինյանին ես նաև համաձայն չեմ որ մարիխուանան օգտագործելը հակաբարոյական է։ Կարծում եմ՝ Տիգրան Ավինայնն էլ է այդպես կարծում։ Եթե Ավինյանը հակառակ կարծիքն ուներ, ապա ինչպես է շարունակում ներկայացնել մի իշխանություն, որի ԱԺ նախագահը մարիխուանա օգտագործելու ակնհայտ քարոզ է տարել ժամանակին, որի ԱԺ փոխխոսնակը նույնպես քարոզել է ու ընդունել, որ օգտագործել է մարիխուանա։

Չպետք է մոռանալ նաև, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը 2017-ին ձերբակալվել է մարիխուանա պահելու համար։

Հիմա եթե իրականում Ավինյանն իր այս կուսակիցներին անբարոյականության քարոզողներ է համարում, ապա ինչպես է շարունակում մնալ նույն կուսկացության անդամ։

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերի 26-ին «Politic.am» կայքն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի Կապան քաղաքում հանրահավաքի ժամանակ արած հայտարարությանն այն մասին, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։ Հոդվածի հեղինակը գրել է, որ եթե Փաշինյանը ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա պետք է սկսեր իր կառավարության անդամներից ու, հղում կատարելով կառավարության աղբյուրին՝ նշել, որ շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամին, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։

Մեկ օր անց՝ հոկտեմբերի 27-ին, «Politic.am»-ում երկրորդ հոդվածն է հրապարակվել, որում հոդվածագիրը եզրակացնում է, որ իրենց դեմ դատական հայց է ներկայացվում, քանի որ կայքի հրապարակած տեղեկությունը ճիշտ է, իսկ եթե գործը մտնի դատարան, ապա անհնար կլինի հերքել փաստը:

Նշենք, որ Բորիս Մուրազին 24News-ին նաև տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացնելու։