Վրաստանի ապակայունացումը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Վրաստանին, ո՛չ էլ Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

քաղաքական

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեղինակավոր «P.S.» հաղորդաշարի հեղինակ Գեորգի Գաբունիան երեկ իր եթերից ՌԴ նախագահ Պուտինի և նրա մահացած ծնողների հասցեին ռուսերեն հայհոյանքներ է հնչեցրել։ Նրա ելույթը դատապարտել է նույն հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվամարիան, ով նշել է, որ չնայած համակարծիք է Գաբունիայի հետ, սակայն նման ինքնագործունեությունն անթույլատրելի է համարում։

Վրացի լրագրողի ելույթը խստորեն դատապարտել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով այդ ելույթը որակել է որպես զազրելի սադրանք և Վրաստանը ապակայունացնելու քայլ։ Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջի գրառման մեջ նշում է․«Դատապարտում եմ առաջատար հեռուստաընկերություններից մեկի սադրիչ և վիրավորական արտահայտությունները հարևան պետության ղեկավարի հասցեին։ Նա իրեն թույլ է տվել այն, ինչն անընդունելի է Վրաստանի համար։ Դա վնաս է հասցնում Վրաստանի շահերին»։

Հաղորդումից հետո մեկ ժամ անց հարյուրավոր վրացիներ շրջապատել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շենքը՝  ձվեր նետել շենքի ուղղությամբ, պահանջել հետաքննություն կսել, պատժեմ մեղավորներին և փակել հեռուստաալիքը։ Հեռուստակայանի տնօրինությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել ալիքի հեռարձակումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
24News-ը զրուցեց «Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ նոր քաղաքական իրավիճակ կարող է զարգանալ Ռուսաստանի և Վրաստանի միջև։

-Գաբունիայի այս արարքը դատապարտելի է և անընդունելի։ Նրա ելույթը պատիվ չի բերում ոչ միայն «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանն, այլև Վրաստանին։ Նրա ելույթը փողոցայինից էլ ցածր մակարդակի բառապաշարից էր բաղկացած։ Նույնիսկ Սահակաշվիլին էր դատապարտել նման ելույթը, նշելով, որ ամեն դեպքում չի կարելի դուրս գալ կոռեկտության սահմաններից,- ասաց Արմեն Ավետիսյանը։

«Ջավախք» հիմնադրամի տնօրենը նշեց, որ վրաց-ռուսական հարաբերությունների սրացում դժվար թե նկատվի, քանի որ Վրաստանի նախագահն ու վարչապետն արդեն իսկ կոշտ գնահատական են տվել և դատապարտել Գաբունիայի այս ելույթը։ Պատկերը հակառակը կլիներ,եթե նրանք լռություն պահեին կամ սատարեին Գաբունիային։ Ա․Ավետիսյանը նկատեց, որ վրացիների հակակրանքը Պուտինի նկատմամբ ավելին չէ, քան հայերինը Ալիևի նկատմամբ, սակայն հայկական եթերից երբևիցէ նման բովանդակությամբ ելույթ Ադրբեջանի նախագահի հասցեին չի հնչել։

-Չեմ կարծում, թե Գաբունիայի այս ելույթն ավելի խորացնի վրաց-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։ Այս ելույթն արդեն իսկ դատապարտվել է թե Վրաստանի իշխանությունների, թե ընդդիմության կողմից։ Ռուսաստանի կողմից էլ առանձին անդրադարձ չի լինի Գաբունիայի ելույթին։ 
Վրաց հասարակությունում, իհարկե կգտնվեն մարդիկ, ովքեր կսատարեն վրաց լրագրողին, կգտնվեն մարդիկ, ովքեր անթույլատրելի կհամարեն հայհոյանքի հնչեցումը ուղիղ եթերում, կարծիքները տարբեր են, բայց որ նման երևույթները պիտի դատապարտվեն՝ դա քննարկման ենթակա չէ,- ասաց Ավետիսյանը։

Ա․ Ավետիսյանը նշեց նաև, որ Վրաստանի ապակայունացումը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Վրաստանին, և ոչ էլ Ռուսաստանին։ Այդ հարցում հետաքրքրություն ունեն միայն Թուրքիան և Ադրբեջանը, որոնք իրենց քաղաքական հաշվարկներն ունեն ու ոչ ստաբիլ Վրաստանում իրենց դիրքերը կփորձեն առավել ամրացնել ու նոր քաղաքական օրակարգ ստեղծել տարածաշրջանում։ Եթե քաղաքական իրավիճակը սրվի, ապա կփակվի Լարսը և Հայաստանի համար ևս դժվարություններ ու խնդիրներ կառաջանան։