Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր հրապարակման մեջ խոսել է առաջիկայում սպասվող հանրակրթական չափորոշիչների փոփոխությունների մասին:

Գրառումը՝ ստորև.

«Հերթը հումանիտար առարկաներինն է․ փոփոխվում են հանրակրթական չափորոշիչները:

Նախ՝ ի՞նչ է հանրակրթական չափորոշիչը․

Չափորոշիչները սահմանում են ուսումնառության նպատակներն առ այն, թե ինչ պետք է սովորողն իմանա և կարողանա անել ըստ դասարանների կամ կրթական աստիճանի։

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը` ներառելով հետևյալ ուսումնական բնագավառները.

հայոց լեզու, գրականություն

հասարակություն, հասարակական գիտություններ (Հասարակագիտություն, Հայոց պատմություն, Եկեղեցու պատմություն, Համաշխարհային պատմություն, Նորագույն պատմություն)

օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն)

արվեստ (երաժշտություն, կերպարվեստ)

ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն (Ֆիզկուլտուրա, Առողջ ապրելակերպ, Շախմատ, ՆԶՊ):

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև.

վերապատրաստման մոդուլների մշակում

մշակված առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը դպրոցում

վերապատրաստումներ ուսուցիչների համար` ներկայացնելու վերափոխված առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում

սեմինարների կազմակերպում՝ դասագրքեր մշակողների համար

Արդյունքում կունենանք՝

Հանրակրթության նոր, միասնական պետական չափորոշիչ և դրան համապատասխան վերանայված և լրամշակված առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխություններին լավատեղյակ ուսուցիչներ և դասագիրք մշակողներ»,- գրել է նախարարը: