Մեծ էր Արման Կիրակոսյանի ավանդն Արցախի շահերի պաշտպանության գործում․ Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան մասին:

Արման Կիրակոսյանը հայ լավագույն դիվանագետներից էր, մարդ, ով, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատում եւ դիվանագիտական առաքելություններում, իրեն դրսեւորել է որպես փորձառու, բանիմաց, հմուտ մասնագետ, պարկեշտ եւ հայրենասեր անձնավորություն:

Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության, տարբեր միջազգային հարթակներում մեր հանրապետության մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման գործում:

Արման Կիրակոսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»։