Սևանում տեղի կունենա ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սևանում տեղի կունենա ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ»-ն, որն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից՝ Հայաստանում։ Վրանային ստարտափ հավաքը, որն առաջին անգամ կազմակերպվել է 2016թ․-ին, արդեն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում։ Մինչ այս պահը Սամմիթին մասնակցել են ավելի քան 450 ստարտափներ և 15,000 մասնակիցներ։ Ավելի քան 200,000 ԱՄՆ դոլար գրանտ է տրվել ստարտափներին և կատարվել է շուրջ 2,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին մասնակցելու համար այս տարի ստացվել են շուրջ 1000 ստարտափ հայտեր, 200-ից ավելի ծրագրավորողների և շուրջ 1200 կամավորներրի հայտեր։ Սամմիթին մասնակցության հրավեր են ստացել մոտ 100 ստարտափ ողջ աշխարհից։ Ի տարբերություն նախորդ տարիների, Սամմիթ 2019-ի մասնակից ստարտափների մեծամասնությունն արդեն գործում է և ապահովել է որոշակի եկամուտ։

Ստարտափների զարգացման և միջազգային շուկաներ գրավելու նպատակով Հայաստան են հրավիրվել մենթորներ և բիզնես էքսպերտներ ողջ աշխարհից։ Ավելի քան 100 հաջողակ ձեռներեցներ և ոլորտի առաջատարներ Սամմիթի 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակիցների հետ։ Կրթական ծրագրով նախատեսված են ինչպես դասախոսություններ մասնակիցների և այցելուների համար, այդպես էլ անհատական հանդիպումներ մենթորների և ստարտափների միջև։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի հատուկ հյուրերի շարքում են «Կոմեդի Կլաբ»-ի համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը, վերջինիս կազմակերպությունն այս պահին գնահատվում է 1,65 մլրդ ԱՄՆ դոլար։ 

Սամմիթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բոլոր մասնակիցները 7 օր անցկացնում են վրաններում և կենցաղ կիսում՝ համատեղելով կրթական հագեցած ծրագիրը ծովափնյա հանգստի հետ։ Սամմիթին միշտ այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ևս ներգրավվում են Սամմիթի կրթական ծրոգրում։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին նախագահ Արմեն Սարգսյանը խարույկի շուրջ զրույց է ունեցել մասնակիցների հետ և կիսվել իր փորձով՝ պատասխանելով մասնակիցների հարցերին։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100,000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100,000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1,000,000 ԱՄՆ դոլար ներդրումային համաձայնություններ։

Հավատարիմ մնալով սկզբմունքներին՝ Սամմիթին մասնակցության համար մասնակիցները գումար չեն վճարի։ Նրանց կտրամադրվեն ցրաններ և քնապարկեր, ինչպես նաև 2 անգամյա սնունդ։ Այցելուները Սամմիթի տարածք այցելելու և կրթական ծրագրին մասնակցելու համար կկարողանան ձեռք բերել մեկ-օրյա այցետոմսեր։ Ավելիի համար այցելեք միջոցառման պաշտոնական կայք։