«Հրավիրում եմ  Ձեզ այցելել Հայաստան»․ Փաշինյանը շնորհավորել է Հունաստանի նոր վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կիրիակոս Միցոտակիսին Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ.

«Խորհրդարանական ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության համոզիչ հաղթանակի և Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ իմ ջերմ և անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և մաղթում հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանը մեծապես կարևորում է Հունաստանի հետ ընդհանուր արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների բարեկամության վրա խարսխված հարաբերությունները:

Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հեղինակությունը կնպաստեն հայ-հունական բազմաոլորտ օրակարգի խորացմանը և ընդլայնմանը: 

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ բարեկամ Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում համագործակցություն զարգացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը:

Հրավիրում եմ  Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ հարմար ժամկետում: Մեր հանդիպումը հնարավորություն կընձեռի ուրվագծելու երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ուղիները»: