Ոչ ոքից չեմ նեղանում, թույլ մարդու բնավորություն է․ Մասիսի քաղաքապետը՝ իշխանության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով դատական նիստը, դեռ չսկսված, հետաձգվել է, քանի որ մեղադրող դատախազը նիստին չէր ներկայացել:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադանքը։ 

«Ժամանակը թող գա, դատավարությունը կավարտվի, բոլորդ կիմանաք, թե ինչ է եղել, այն ժամանակ խոստացել եմ, մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասել է Քաղաքապետը և հավելել, որ իր գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Լրագրողի հարցին, արդյոք նեղացա՞ծ է իշխանությունից, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, ես երբեք ոչ ոքից չեմ նեղանում, կարծում եմ թույլ մարդու բնավորություն է նեղանալը»։

Դիտարկմանը՝ հե՞շտ է արդյոք ամբաստանյալի կարգավիճակում քաղաք ղեկավարելը, Մասիսի քաղաքապետը պատասխանել է. «Շատ լավ է, ընդհակառակը հիմա շատ լավ կառավարում եմ։ Կարող եք մասիսցիներին հարցնել, մասիսցիների հետ շփվում եմ, իրենք այդ մասին կփաստեն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Համբարձումյանը 2018 թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմանում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված գրավը։

Բացի Դավիթ Համբարձումյանից՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել նար նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը եւ եւս վեց անձ: