Ես նեյտրալ եմ, տեսանյութը տեսել եմ, Հայկ Սարգսյանն այնտեղ չի երևում․ Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 09, 24News

Որքանով տեղյակ եմ, Հայկ Սարգսյանը հերքել է դա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով համացանցի քննարկումներին, թե նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պարուհիների հետ նախագահական նստավայրում «էքսկուրսիա» է անցկացրել:

«Ես տեսանյութը տեսել եմ, Հայկ Սարգսյանն այնտեղ չի երևում և Հայկ Սարգսյանը հենց այդպես էլ գրել է, որ բազմաթիվ մարդիկ են այս ընթացքում եղել նախագահականում: Նա հերքել է, որ դա իր մասնակցությամբ է եղել: Տեսանյութը տեսել եմ՝ թե՛ նախագահականինը, թե՛ մյուսները: Ավել բան չգիտեմ»,- նշեց Հրաչյա Հակոբյանը:

Հարցին, թեաղմուկը շատ չէ Հայկ Սարգսյանի շուրջ, վերջինս հաստատեց, որ մի փոքր շատ է, որովհետև լրատվամիջոցներն ու լրագրողները թիրախավորել են նրան: Իսկ թե ինչու հենց Հայկ Սարգսյանը պետք է թիրախավորվեր, Հակոբյանն ասաց, որ պատճառը չգիտի:

«Երևի մեկ-երկու աղմկահարույց դեպքերից հետո՝ թեկուզ այն մեքենայի դեպքը եղավ, դրանից հետո սկսվեց: Լրագրողները սիրում են ունենան մի այդպիսի կերպար, որ նյութ չեղած ժամանակ այդ մարդու դեմ պեղեն, մի բան գտնեն»,- ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ խմբակցության ներսում Հայկ Սարգսյանի շուրջ այս աղմուկների հետ կապված քննարկում չի եղել:

Դիտարկմանը՝ մամուլում հրապարակումներ եղան, թե Նիկոլ Փաշինյանն ասել է Հայկ Սարգսյանին՝ «աչքիս չերևաս», Հակոբյանը նշեց, որ խմբակցությունում քննարկում չի եղել, իսկ այլ հարթակներից ինքը տեղյակ չէ:

Իսկ այն կարծիքներին, թե նախագահականի «էքսկուրսիայից» հետո պետք է Հայկ Սարգսյանը վայր դնի մանդատը, Հակոբյանն ասաց. «Մարդն արդեն հերքել է, թող հիմա ապացույցներ ներկայացնեն, որ, այո, դա իր հետ է եղել, ինքն է եղել: Հերքման տեքստի հետ Հայկ Սարգսյանը դրել է բազմաթիվ ֆոտոներ, որտեղ մարդիկ նախագահականի ներսում, այդ աթոռներին նստած, նկարված են»:

Դիտարկմանը, թե այդ լուսանկարները արված են հատուկ միջոցառումների ժամանակ և այնպես չէ, որ ցանկացած անձ կարող է ազատ մուտք գործել նախագահական, Հակոբյանն ասաց, որ եղել է հրապարակում, որ իր մասնակցությամբ է եղել դա, մյուս կողմից էլ եղել է հերքում: «Ես հավատամ այդ հրապարակմանը և չհավատամ Հայկ Սարգսյանի՞ն: Ես այնտեղ Հայկ Սարգսյանին չեմ տեսնում: Ուրեմն չեմ հավատում ո՛չ հրապարակմանը, ո՛չ հերքմանը, ես նեյտրալ եմ, ինձ համար այդ պատմությունը չկա ուղղակի, քանի ես չեմ տեսել, որ Հայկ Սարգսյանն ինչ-որ աղջկա հետ նախագահականում ֆոտո, սելֆի է արել», - նշեց Հակոբյանը: