ՀՀԿ-ն երկրում ունի 3-րդ վարկանիշը «Իմ քայլից» և ԲՀԿ-ից հետո․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

Աշոտյան

ՀՀԿ-ն երկրում ունի 3-րդ վարկանիշը «Իմ քայլից» և ԲՀԿ-ից հետո: Ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Գրառումը՝ ստորև․

«Այսօր հրապարակվել են ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Բազմաթիվ հետաքրքիր տվյալներ կան: Ակնհայտ են հասարակության վստահության անկումը գործող իշխանությունների հանդեպ և հասունացող քաղաքական ապատիան:

Իշխանությունը ժողովրդի միամտության հաշվին զավթած Փաշինյանը ի վիճակի չէ, ըստ այդ տվյալների, բավարարել հասարակությանը շռայլորեն տրված խոստումները:

Հատկանշական է, որ հանրային ընկալման դաշտում սրվել են սոցիալական խնդիրների ընկալումները՝ աշխատավարձեր, թոշակներ, գործազրկություն:

Միաժամանակ մեր բնակչության համար մտահոգիչ են մնում անվտանգության, նոր պատերազմի սպառնալիքները եւ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները:

Զարմանալի չէր նաեւ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրում ունի 3-րդ վարկանիշը՝ ԻՄ ՔԱՅԼԻՑ և ԲՀԿ-ից հետո:

Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը էլ ավելի է մերժելու պոպուլիզմն ու ստերը եւ վերադառնալու է դասական քաղաքական դաշտ:

Մնում է, որ այդ ընթացքում երկրին չի հասցվի անվերականգնելի վնաս»: