Պուտինը 2 ամսում 2 անգամ կմեկնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 9, 24News

.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա երկու ամսում երկու անգամ կմեկնի Թուրքիա։ Սիրիայի անվտանգության գոտու հետ կապված քննարկումների շրջանակներում Ստամբուլում երկու խոշոր գագաթնաժողով տեղի կունենա։

Էրմենիհաբերի փոխանցմամբ դրանցից առաջինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կկայանա առաջիկա ամսում։ Եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվեն Սիրիայում տիրող իրավիճակը, Աստանայի գործընթացը և Իդլիբում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Հանդիպման ընթացքում Թուրքիան մյուս կողմերից աջակցություն կխնդրի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու իր գաղափարի համար։ Ավելի վաղ կողմերի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ էին կազմակերպվել նաև Թեհրանում և Սոչիում։

Իսկ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Էրդողանը կհյուրընկալի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին։ Այս 4 երկրների մասնակցությամբ ևս մեկ հանդիպում սիրիական թեմայով կայացել էր նաև անցյալ տարի։

Էրդողանի, Պուտինի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի մասնակցությամբ 2-րդ հանդիպման ժամանակ նախատեսվում է սիրիական հարցի  բազմակողմանի քննարկում։ Նախորդ տարի դարձյալ Ստամբուլում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում կողմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Սիրիայի հակամարտության պատճառով  ծագող և տարածաշրջանային ու համաշխարհային կայունությանն ու անվտանգությանն ուղղված ռիսկերի ու սպառնալիքների կապակցությամբ: