Աղմկահարույց քրգործերը քնեցնում են. Արթուր Դավթյանն անցել է գործի. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

Արթւոր

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ նախաքննական մարմինները մի շարք աղմկահարույց քրեական գործեր քնեցրել են քննչական բաժիններում և կոնկրետ գործողություններ չեն կատարում:

Ըստ իրավապահ համակարգում տարածված տեղեկությունների` կա՛մ իրավապահները գործը գաղտնի են քննում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով անցնող մեղադրյալները պատրաստ են վերականգնել պետության վնասը և անաղմուկ «հեռանալ», կա՛մ կոնկրետ քրեական գործերով հայտնի պաշտոնատար անձինք երկրում չեն, և նրանց փնտրում են: Ահա հենց այսպիսի իրավիճակներն էլ քննիչներին կանգնեցրել են խնդրի առջև, և չգիտեն` կասեցնեն, թե կարճեն հարուցված գործերը:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս հանդիպում է ունեցել նախաքննական մարմինների ղեկավարների հետ և նրանց հորդորել հանձնարարականներ տալ քննչական վարչությանը, որպեսզի ի մի բերեն իրենց վարույթներում գտնվող քրեական գործերը ու կոնկրետ որոշումներ կայացնեն:

Բանն այն է, որ հեղափոխությունից հետո մեծ շուքով հայտարարվեցին մի շարք հանցանքների մասին, սակայն հիմա դրանց բացահայտումները ուղղակի դարձել են պատուհաս քննիչների գլխին:

«Ժողովուրդ» օրաթերթը դատախազի հանդիպման մասին տեղեկությունը պարզելու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Նախաքննական մարմինների ղեկավարների հետ ՀՀ գլխավոր դատախազի որևէ տեսակի փակ կամ գաղտնի հանդիպում չի եղել, և այդ մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն տարբեր ձևաչափերով ՀՀ գլխավոր դատախազի և նախաքննական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպումների ընթացքում, ինչպես նաև հսկող դատախազի և քննիչի կողմից կոնկրետ քրեական գործերի համատեղ քննարկման ժամանակ մշտապես բարձրացվում է ինչպես քննչական և դատավարական գործողությունների ամբողջությունն ապահովելու, այնպես էլ քննությունները ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտության հարցը: Ըստ անհրաժեշտության` այդ նպատակներով կիրառվում են նաև դատախազական ներգործության համապատասխան միջոցներ»:

Այսպիսով, հաստատվեց մեր տեղեկությունը՝ քննվող գործերը ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությամբ թելադրված հանդիպման մասին: Մնում է` սպասենք արդյունքների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: