Ագարակի պղնձամոլիբդենայինում գործադուլ է․ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ավելի քան 1000 աշխատակիցներ արդեն բավականին երկար ժամանակ գործադուլ են անում: Հուլիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների մեծամասնությունը Ագարակի եւ Մեղրիի բնակիչներ են: «Բնակիչների կարծիքով՝ իրենց աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվել են: Տեղի ունեցողը հանգեցրել է սոցիալական խնդիրների: Ես Կառավարությանը կոչ եմ անում շտապ միջոցներ ձեռնարկել եւ խնդիրը պահել իր ուշադրության կենտրոնում»,- պատգամավորը կոչ արեց սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչներին:

Նա հայտնեց, որ վաղը պատրաստվում է մեկնել Մեղրի եւ խնդրին մանրամասն ծանոթանալ, փորձել գտնել լուծման ուղիներ: Պատգամավորն իր գործընկերներին կոչ արեց իրեն ընկերակցել եւ փորձել սեփական ավանդը բերել այս խնդրի լուծմանը: