«3 տարին կալանքի ողջամիտ ժամկետի խախտում է»․ Փոստանջյանը միջնորդել է ազատել Արմեն Բիլյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

դատ

ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորված Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդել է փոխել պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և սահմանել անազատության հետ կապ չունեցող խափանման այլ միջոց։

Ըստ Փոստանջյանի՝ Արմեն Բիլյանը 3 տարի գտնվում է նախնական կալանքի տակ, ինչը ողջամիտ ժամկետի խախտում է։

«Առաջին փուլի՝ նախաքննության համար նախատեսվում է մեկ տարի ողջամիտ ժամկետ, սակայն իմ պաշտպանյալը երեք տարի է կալանքի տակ է, միջնորդում եմ քննարկել Արմեն Բիլյանի նախնական կալանքի փոփոխության հարցը»,–ասել է Փոստանջյանը և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ առաջարկել գրավի կիրառումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկել է միջնորդությունը՝ նշելով, որ այն ենթակա է առանց քննության թոնել։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասել է, որ դատական նիստը չի կարող շարունակվել ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի բացակայությամբ, հետևաբար չի կարող քննվել նաև Բիլյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ Մխիթար Ավետիսյանը վիրահատության է ենթարկվել, նա չի ներկայացել այսօրվա դատական նիստին, այն հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը կլինի հուլիսի 24-ին։

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը գրավելու և նշված այլ արարաքներ կատարելու համար մեղադրվում է 32 անձ: