Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում հայ վարորդներին հարվածել են և վնասել բեռնատարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 10, 24News

կուտակված_0

Վրաստանում միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանից Հայաստան ուղևորվող ՀՀ քաղաքացի վարորդների հետ: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են, որ կենցաղային հողի վրա վեճ է ծավալվել և նրանց հարվածներ են հասցրել:

«Հայտնում ենք, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։

Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն»։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը 1in.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանի տարածքից Վրաստանի տարածքով ցորեն ներկրող բեռնատար ավտոմեքենաների ազգությամբ հայ վարորդները ծեծի են ենթարկվել: