Ատոմակայանի հետ կապված որևէ վտանգ չկա․ պատճառը Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկի անջատումն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչն է հետևանք դարձել էներգետիկական համակարգում տեղի ունեցած հաճախականության տատանումների, սակայն էլեկտրամատակարարումը 70%-ով վերականգված է։

Ըստ փոխնախարարի՝ ստեղծված իրավիճակի հետ ատոմակայանը ոչ մի կապ չունի․ այն հունիսի 1-ից կանգնած է պլանային վերանորոգման և վառելիքի վերբեռնման համար։

«Վարկածն այն է, որ մագնիսկան տատանումների պատճառով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը անջատվել է։ Գուցե Իրանում է վթար եղել, ու մագնիսական տատանումները հասել են Հայաստան, գուցե Երևանի ՋԷԿ-ում է վթար եղել, բայց արդեն իսկ ՋԷԿ-ը հերքել է։ Իրանական կողմն արդեն իսկ ասել է, որ իրենց մոտ վթար եղել է։ Որևէ համընկնում չկա ատոմակայանի կանգնելու հետ, ատոմակայանը ամբողջ ընթացքում կանգնած է եղել։

Իրանցի գործընկների հետ կապի մեջ ենք եղել, իրենք էլ փաստել են, որ իրենց մոտ նման տատանումներ են տեղի ունեցել միևնույն ժամանակահատվածում, բայց այս պահին փաստել, որ դրանք եկել են Իրանից, չենք կարող ասել։ Սա ամենահավանական վարկածն է», - ասել է փոխնախարարը և հավելել, որ կստեղծվի աշխատանքային խումբ, պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն։

Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ այս պահին Լոռու և Տավուշի մարզերի մի մասի էլեկտրականությունը միացված է Վրաստանի էլեկտրոհամակարգից։ Վրաստանից 28 մեգավատ էներգիա է ներմուծվում, Իրանից՝ 42 մեգավատ։

«Այս պահին 583 մեգավատ սպառում վերականգնված է, սպառման պահանջարկը այս ժամերին մաքսիմում 900 մեգավատ է լինում։ Այս պահին  սեփական գեներացիան կազմում է  506 մեգավատ», - ասել է փոխնախարարը։

Այս պահին Երևան ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ էներգաբլոկում վերականգնողական աշխատանքներ են տարվում։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news